ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Դա ես եմ»

«Դա ես եմ»
10.04.2009 | 00:00

ՆԿԱՐՉԻ ԱԶՆՎԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
...Հետո մնում է լույսի զգացողությունը: Մեկ էլ իրադարձության հետ կապ չունեցող մի միտք` ինչքան մեծ երկիր է Հայաստանը: Նաև սովորական հրաշքի զգացողությունը` կգնաս տուն, կվերցնես թուղթը (սկզբի համար կտավին թուղթն էլ կարող է փոխարինել), մատիտը (դե, ներկերը հետո ձեռք կբերես) ու ... կնկարես, կնկարես, կնկարես... Որովհետև այնքան հեշտ է նկարելը: Որովհետև չնկարելն այնքան դժվար է:
...Հետո մնում է նաև թեթևության զգացումը: Հենց այնպես: Անպատճառ: Անկարևոր: ՈՒղղակի թեթևության: Եվ լույսի ու թեթևության հետ գնում ես...
Նկարիչների միության ցուցասրահում բացվել է ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը:
«…Միայն նկարիչ չէ: Հակոբ Հակոբյանը մի գեղագետ է, որի հայացքով Հայաստանը դառնում է նոր Հայաստան, հետաքրքիր Հայաստան, իր տեսողությամբ Հայաստան, և մենք արդեն իր աչքերով ենք սկսում տեսնել երկիրը, որի դժվար հողի վրա ապրում ենք»,- Դավիթ Մուրադյանի խոսքերն են:
Ջերմ խոսքեր էլի ասվեցին ցուցահանդեսի բացմանը, իսկ նկարիչը պատմեց... իր ընկերների մասին: Կտավները` թվագրված 1962-ից 2008, այսինքն` վերջին 46 տարվա աշխատանքներից: Այսինքն` նկարչի ու նկարների պատմությունը շարունակվում է, և դա ամենագեղեցիկ պատմությունն է, որ 2009-ի ապրիլի 8-ին նկարիչների միության ցուցասրահը նվիրեց Երևանին ու երևանցիներին: Ամենագեղեցիկ պատմությունը նկարչության մասին, հայրենիքի, երկնքի, Տիրամոր, աշխարհում առաջին, երկրորդ, երրորդ ու չորրորդ չափման մասին, որ արվեստագետները նաև վեցերորդ զգայարան են համարում: Ամենագեղեցիկ պատմությունը Գործիքների աշխարհից, նրանց կյանքից ու գործերից:
Կատարելության հասնելու և աշխարհում ներդաշնակություն հաստատելու համար մարդուն գուցե հենց ա՞յս գործիքներն են պակասում: Գուցե Նկարիչն ուզում է ասել, որ բնության ու մարդու ստեղծած գործիքները մի ամբողջությո՞ւն են: Գուցե նրա պարզ ու պաղ գույներում գոյության գաղտնիքն է պարփակված` ինքը պարզում է մեզ` հասկանալու ու... տաքանալու: Ինչո՞ւ գործիքներ, ինչո՞ւ այսքան շատ գործիքներ, մանեքեններ... Արարատյան դաշտավայրը` կարծես ներսից. այնպես ու այնքան, ինչ կա Արարատի զգոն հայացքի տակ, մշտական: Իսկ գուցե պարզապես Նկարիչը լուռ խոսակցություն է սկսել հոգու հետ, և իր բոլոր կտավներում հոգու որոնումն է, որ լքել է իրեղեն պատյանը, բայց ճախրում է նկարչի գլխավերևում:
«Այսպիսի արվեստագետներով մեր մշակույթը ստանում է հասցե, ստանում է հեղինակություն, ստանում է խորք, արժանապատվություն: Այս արվեստի մեջ կա սեր, տագնապ, հոգս, հարց, և միայն Հայաստանը չէ, Հայաստանի միջով հայ նկարչի մեջ աշխարհն է»,- վերստին Դավիթ Մուրադյանի խոսքերն են:
...Ցուցասրահում ներկայացված է 20-րդ դարի այն նկարչությունը, որ համարձակ ու հանդարտ ոտք է դրել 21-րդ դար` չորոնելով բացատրություն, անվանված ու չանվանված ուղղություն, պատճառ ու պատեհություն: Կա այս նկարչությունը, և մենք հարուստ ենք: Կա այս նկարչությունը, և մենք բարի ենք: Կա այս նկարչությունը, և մենք գնալու ու վերադառնալու տեղ ունենք: Կա այս նկարչությունը, և Նկարչի ու նկարների մասին պատմությունը շարունակվում է, և դա ամենակարևորն է:
...Վատիկանի Սիքստինյան կապելլան որմնանկարելուց, Ֆլորենցիային «Դավիթ» ու Հռոմին սուրբ Պետրոս նվիրելուց հետո Միքելանջելո Բուոնարոտին երազում էր կառուցել իր տաճարը, որտեղ կպատասխաներ` նկարչությո՞ւն, թե՞ քանդակագործություն, որտե՞ղ է սկսվում նկարչությունը, ու որտե՞ղ է ավարտվում քանդակագործությունը, և ի՞նչ է ճարտարապետությունն այդ պարագայում հարցերին, նաև այն բոլոր հարցերին, որ ամբողջ կյանքում տվել էր ինքն իրեն ու գտել էր պատասխանները: Այդ տաճարը պիտի լիներ կատարելության նրա մոդելը, որտեղ անգամ լույսն ու ստվերն ունեին իրենց տեղն ու դերը: Նա նախագծել էր, իր ձեռքով ընտրել քարն ու անգամ տաճարի խորանի վարագույրն ու մոմակալներն էր նկարել: Միքելանջելոն ուզում էր աշխարհին թողնել այն, ինչի մասին կարող էր ասել` «Դա ես եմ»: Որովհետև, իր կարծիքով, մնացած ամեն ինչի մասին կարող էր ասել` «Դա ես եմ արել»... Ընդամենը: «Արել եմ», բայց ոչ` «Ես եմ»:
Հակոբ Հակոբյանի ցուցահանդեսում կտավների շարունակությունն են քանդակները, որ թույլ են տալիս կտավի չափումին ավելացնել տարածության մեջ շոշափելի տեսնելու և զգալու չափումը: Եվ դու իրապես չգիտես` կտավների կյանքի շարունակությո՞ւնն է, թե՞ քանդակների կյանքի սկիզբը: ՈՒ նույնիսկ չգիտես` անվանե՞լ քանդակներ այն, ինչ տեսնում ես... Թե՞ ապավինել այն զգացողությանը, որ համառորեն ինքնահաստատվում է քո մեջ` նկարչին մի որոնիր գույների ու գծերի մեջ, շրջանակներից ներս կամ դուրս, նկարիչը անհավանական զգայուն այն լարն է, որ չգոյությունից գոյության է վերադարձնում այն ամենը, ինչ հարկ է համարում` հոգալով մեր մասին, որ գոնե կարողանանք ասել` «Դա ես տեսել եմ»...
ՈՒ Նկարչի ազնվական ներկայությունը մեզ բոլորիս դարձնում է մասնակիցն այն անվերջանալի ամբողջության, որ կոչվում է ստեղծագործություն...
...Լույսի զգացողությունը: ...Նաև` թեթևության զգացումը: Նաև հրաշքի` կգնաս տուն, ու... կնկարես, կնկարես, կնկարես...
Ո՛չ: Այդպես նկարել դու չես կարող, ու ոչ ոք չի կարող, բացի Նկարչից: Լավագույն դեպքում դու կարող ես վերարտադրել աշխարհի ու առարկայի քո զգացողությունը, բայց դա չի դառնա կտավ, դա կլինի ընդամենը հայելային նմանակում, որովհետև ցանկացած պատկեր միայն հոգու ներկայությամբ է ինքն իրեն գտնում... Իսկ դա անել կարող է միայն Նկարիչը և շատ քիչ դեպքերում էլ կարող է ասել ոչ միայն «Դա ես եմ արել», այլ նաև` «Դա ես եմ»... Պարզապես` ես ես եմ...
...Եթե ոչինչ չհասկացաք, նկարիչների միությունում մինչև ապրիլի 18-ը կարող եք այս ամենը հերքող կամ հաստատող ձեր սեփական տարբերակները գտնել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3353

Մեկնաբանություններ